Ավստրալիայի ափերին շարունակվում են մարտի 8-ի գիշերն անհետացած Boeing-777-200-ի մնացորդների որոնումները: Որոնումների շրջանի մակերեսը, որը գտնվում է մայրցամաքի արեւմտյան ափերից 1850 կմ հեռավորության վրա, այս պահին կազմում է 319 հազար քառակուսի կիլոմետր:

Ավստրալիայի ռազմածովային ուժերի Ocean Shield նավը սկսել է սեւ արկղերի որոնումը: Նավի վրա տեղադրված են հատուկ էխոլոկացիոն մոդուլներ, ինչպես նաեւ ամերիկյան ստորջրյա անօդաչու US Navys Towed Pinger Locator-ը, հաղորդում է Associated Press-ը: «Սեւ արկղերը» պետք է անհրաժեշտ տեղեկությունները հաղորդեն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ:

Սեւ արկղերի որոնումների ընթացքում ստորջրյա սարքավորումը կհետազոտի այն վայրը, որտեղ նախօրեն չինական Իլ-76 ինքնաթիռը երեք առարկա է հայտնաբերել, տարբեր գույնի, որոնք նման են ինքնաթիռի մնացորդների:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը նշել է, որ որոնողական աշխատանքերին մասնակցող ծառայությունները չեն կարողացել դուրս բերել այդ օբյեկտները: Հարյուրավոր հնարավոր մնացորդներ հայտնաբերման մասին տեղեկություններ են ստացվել նաեւ Թաիլանդի իշխանություններից: