ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը շարունակվում է: «Արեւելյան Եվրոպայի երկրները ընդգրկումը Դաշինքի կազմում մեր ժամանակների հաջողության տպավորիչ պատմություն է, բայց մեր խնդիրը դեռ չի կատարված»,-Welt am Sonntag-ին տված հարցազրույցում նշել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ յուրաքանչյուր եվրոպական պետություն, որն ունակ է աջակցել Դաշինքի հիմնական սկզբունքների պահպանմանը եւ որը պատրաստ է իր ներդրումն ունենալ իր ազդեցության գոտում անվտանգության ապահովմանը, կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ են ցանկանում դառնալ Բոսնիա եւ Հերցոգովինան, Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Վրաստանը:

Ռասմուսենը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի հետ գործընկերային հարաբերությունները այսուհետ եւս կամրապնդվեն: Ռուսաստանի գործողությունները Ղրիմում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին անվանել է «միջազգային իրավունքի, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում», հաղորդում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ժամկետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտվում են այս տարվա սեպտեմբերին: Դաշինքի նոր գլխավոր քարտուղար կդառնա Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: