Երեւանի քաղաքապետարանը ձյան մաքրման աշխատանքները մեկնարկել է վաղ առավոտից` ժամը  6:15-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

«Քանի որ  մեքենա-մեխանիզմները գարնանային աշխատանքների համար էին վերափոխվել, անմիջապես վերափոխվել են ձյան մաքրման աշխատանքների իրականացման համար»,-ասաց նա` հավելելով, որ ձյան մաքրման աշխատանքներն իրականացվել են եւ իրականացվում են նաեւ այս պահին:

«Ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված է շուրջ 90 մեքենա-մեխանիզմ: Առաջնահերթը կենտրոնական փողոցների ձյանմաքրման աշխատանքներն են, դրան զուգահեռ աղի եւ ավազի մշակման աշխատանքներ են տարվում:

Աշխատանքները հսղկողության տակ են, ուղղակի ձյունը իր ծավալներով աննախադեպ է եղել: Մեկ ժամվա ընթացքում, ըստ մասնագետների տվյալների, տեղացել  է 15 սմ ձյուն»,-ասաց Արթուր Գեւորգյանը:

Նրա խոսքով` աշխատանքները համակարգված ընթանում են, ամբողջն անձամբ քաղաքապետի հսկողության տակ է:

«Կարող եք վստահ լինել, որ ամեն ինչ հավուր-պատշաճի կլինի: Տեղացող ձյան պայմաններում, այնուամենայնիվ, շարունակվում են աշխատանքները, հիմնական շեշտադրումը նշենք, որ կենտրոնացած է գլխավոր փողոցների վրա: Իսկ երկրորդական եւ երրորդական փողոցներում աշխատանքները ձյան դադարից հետո կիրականացվեն»,-ընդգծեց Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքները չընդհատվող ռեժիմով են իրականացվում, ամեն ինչ արվում է, որ որեւէ խոչընդոտ չլինի:  Այս պահին փողոցներն անցանելի են. «Ես քիչ առաջ եմ եկել աշխատավայր, փողոցները հիմնականում անցանելի են, աշխատաքները կարող եք տեսնել, կրկնում եմ ձյունը եղել է աննախադեպ, ինչն էլ մի փոքր խոչընդոտներ է առաջացրել»,-ասաց նա: