Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորման համար ամենաընդարձակ համագործակցությանը, սակայն առաջին քայլը պետք է կատարեն Կիեւի գործընկերները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Առաջին քայլը պետք է կատարեն Ուկրաինայի գործող իշխանությունները, ձեռք մեկնեն ողջ ուկրաինական ժողովրդին, բոլոր շրջաններին, հրավիրեն նրանց իրենց երկրի վերաբերյալ բաց իրավահավասար երկխոսության: Այս դեպքում մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- հայտարարել է Լավրովն Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդմանը տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ շարունակում է քննարկվել Ուկրաինայում կոնտակտային խմբի ստեղծման հարցը, որում Մոսկվան եւ Կիեւը պետք է համաձայնության գան Արեւմուտքի «վերահսկողության ներքո»: Նման ձեւաչափն անընդունելի է, ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ համոզված է, որ եթե Կիեւ իշխանությունները հետագայում շարունակեն անտեսել ռուսալեզու շրջանների շահերը, ապա երկրում սահմանադրական ռեֆորմը կձախողվի:

Լավրովը նաեւ նշել է, որ Հաագայում մարտի 24-ին Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրել է առաջադրանքերի իր պատկերացումը, որոնք Կիեւը պետք է լուծի Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար: Նախ եւ առաջ, երկրի դաշնայնացմանն ուղղված սահմանադրական ռեֆորմների գործընթացի սկիզբն է եւ համընդհանուր ընտրությունների անցկացումը, փողոցում կարգուկանոնի հաստատումը, անօրինական զենքի հանձնումը, գրաված շենքերի ազատումը:

«Դեշչիցան ասաց, որ մեր առաջարկն անընդունելի է, քանի որ դաշնայնացումը հակասում է Ուկրաինայի պետական կառուցվածքի հիմնարար սկզբունքներին: Անհասկանալի է: Նման սկզբունքներ ես չգիտեմ»,- ասել է Լավրովը:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Ուկրաինայում ճգնաժամը չի կարող կարգավորվել առանց բոլոր կողմերի համաձայնության երկրի դաշնայնացման վերաբերյալ: Նույն հանդիպման ժամանակ Լավրովը բացատրել է իր գործընկերոջը, որ էթնոգենեզի տեսակետից, այն, որ ռուսներն ու ռուսաց լեզուն ուկրաինական պետության համար համակարգ կառուցող գործոններ չեն հանդիսանում, սխալ է:

«Ինձ համար այդ հակապատմական այդ տեսությունը տարօրինակ է: Ես իմ գործընկերոջը բացատրեցի, որ նման արտահայտությունները սխալ են»,- հավելել է Լավրովը: