Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Ղրիմից դուրս է բերել Ղրիմի տարածքային հրամանատարության ներքին զորքերի բոլոր զինծառայողներին: Այդ մասին ասվում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Մարտի 28-ին Ղրիմի տարածքային հրամանատարության ներքին զորքերի զինծառայողներն իրենց ուժերը տեղափոխում էին պետության մայրցամաքային հատված»,- նշել են գերատեսչությունում: Հաղորդագրության համաձայն՝ Ղրիմի թերակղզու սահմանի հարեւանությամբ՝ Խերսոնի մարզում, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին եւ զինվորներին դիմավորում էին պատիվներով ու ռազմական նվագախմբով:
Այնուհետեւ իշխանության տեղական մարմինների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միտինգ: Միտինգի ժամանակ ներքին ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ստեպան Պոլտորակը պարգեւատրել է զինծառայողներին ՆԳՆ եւ ներքին զորքերի պարգեւներով: ՆԳՆ-ում նաեւ հաղորդել են, որ 1100 զինծառայողներ ծառայություն կշարունակեն Ուկրաինայի ազգային գվարդիայի զորամասերում, որոնք երկրի տարբեր հատվածներում են գտնվում, հաղորդում է TCH.ua-ն:




























