«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել եվրոպամետ քաղաքական գործիչներին մի կողմ դնել անհատական ամբիցիաները եւ միավորվել Ուկրաինայի նախագահի մեկ թեկնածուի շուրջ: Նախօրեին Կլիչկոն առաջարկել է առաջ քաշել Գերագույն Ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը որպես մեկ ընդհանուր թեկնածու դեմոկրատական ուժերի կողմից Ուկրաինայի նախագահական ընտրություններում:

«Մենք պետք է միավորվենք, պետք է մի կողմ դնենք անհատական ամբիցիաները: Անհրաժեշտ է միավորվել մեկ թեկնածության շուրջ, որն առավել շատ հնարավորություններն ունի հաղթել ընտրություններում: Անհրաժեշտ է ջանքերն այնպես միավորել, ինչպես այն ժամանակ, երբ Յանուկովիչին հեռացրեցինք»,- հայտարարել է Կլիչկոն մարտի 30-ին Մայդանի բեմից, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ «երկնային հարյուրյակի» ողբերգությունը պետք է յուրաքանչյուր քաղաքական գործչի, ով իշխանության կգա, հիշեցնի իր պատասխանատվության արժեքի մասին:

«Մարդիկ զոհվել են, որպեսզի մենք բոլորս ապրենք մի երկրում, որտեղ հիմնական են արդարությունն ու օրենքը: Մենք դեռ անելու շատ բան ունենք»,- նշել է ՈՒԴԱՌ-ի առաջնորդը: Հիշեցնենք, որ այսօր փետրվարի 18-20-ի ողբերգական իրադարձությունների 40-րդ օրն է լրանում: Ուստի ուկրաինական եկեղեցիները հոգեւորականությունը հոգեհանգստի պատարագ է անցկացրել, իսկ քաղաքական ելույթներ ծրագրված չեն եղել:

Հավելենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով փետրվարի 18-ից սկսած Կիեւի կենտրոնում տեղի ունեցող բախումների հետեւանքով ավելի քան 1500 մարդ տուժել է, ավելի քան 100-ը զոհվել են: