Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի են Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները: Այս մասին հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել եւ´ մայրաքաղաքում, եւ´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում են ճանապարհաշինական բրիգադների եւ ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղեւորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթեւանի տրամադրումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:




























