Մինչեւ առավոտյան ժամը 8-9-ը Երեւանում ձյան մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Այս մասին նշել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ինչպես բոլոր վարորդների, այնպես էլ ՃՈ աշխատակիցների համար հանրապետությունում տեղացած այս քանակի ձյունն անակնկալ էր:
Նրա խոսքով՝ գիշերը ժամը 4-ից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները աշխատանքներ են սկսել տանել ճանապարհներին: «Առավոտից ողջ անձնակազմը դուրս է բերվել աշխատանքի, եղել են դեպքեր, երբ ամբողջությամբ փակել ենք ճնապարհներ, որպեսզի կարողանանք կանխել ավտովթարներն ու խցանումները:
Խցանումներ առավոտյան են եղել Մյասնիկյանի եւ Իսակովի պողոտաներում, բայց դրանք բացվել են»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն մեկ մարմնական վնասվածքով ավտովթար է գրանցվել (Երեւանում): Նրա խոսքով՝ Երեւանում այսօր տեղի է ունեցել մոտ 15 ավտովթար, եւս այքան տեղի է ունեցել Երեւանի սահմաններից դուրս:
Նշենք, որ այս պահին ձնաբուք է Աշտարակ-Գյումրի, Աշտարակ-Վանաձոր, Արթիկ Ալագյազ ճանապարհներին, որոնք փակ են:




























