Ուկրաինայի ՆԳՆ-ում ուշադրություն են դարձրել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի քանի արտահայտությունների, որոնք վերջինս հնչեցրել է ռուսական Առաջին ալիքի» «Վոսկրեսնոե վրեմյա» հաղորդման եթերում:
«Իր ինքնաձիգների փողերի տակ այդ ագրեսորը միայն մեկ բան է պահանջում՝ Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիա, նրա պառակտումը եւ ուկրաինական պետականության վերացումը: Հենց այդպես են գնահատվում Ուկրաինայում ֆեդերալիզացման, երկրորդ պետական լեզվի, հանրաքվենեի եւ ներկայացող այլ պայմանները: Մեզ համար անկեղծորեն ցավալի է, որ նախարար Լավրովը ստիպված է դրանք հնչեցնել»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ մեկնաբանություններում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Կցանկանայինք ռուսական կողմին առաջարկել, նախքան իր վերջնագրային պայմանները ինքնիշխան եւ անկախ երկրին թելադրելը, ուշադրություն դարձնել սեփական երկրում ազգային փոքրամասնությունների, այդ թվում ուկրաինացիների, աղետալի վիճակին: Ինչու Ռուսաստանը, որի անվանման մեջ կա «դաշնություն» բառը, իրական բովանդակություն չի դնում դրանում: Ինչու ավելի լավ լիազորություններ չտալ ազգային սուբյեկտներին, որոնց զարգացումն այսօր ճնշվում է նույնքան դաժանաբար, որքան ցարական եւ խորհրդային շրջաններում: Ինչու Ռուսաստանի քաղաքացիների համար պետական չդարձնել այլ լեզուներ, այդ թվում ուկրաիներենը: Ինչու լայն ինքնավարության, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ անկախության վերաբերյալ հանրաքվեներ չանցկացնել, ՌԴ ազգային սուբյեկտներում»,-նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
«Հասկանում ենք, որ այդ հարցերը հռետորական են: Այդ մասին նույնիսկ միտքը դաժանաբար կճնշվի այսօրվա Ռուսաստանում, իսկ դրա իրականացման փորձերի դեպքում այդ գործողությունները կխեղդվեն արյան մեջ, ինչպես դա եղավ Հյուսիսային Կովկասում:
«Պետք չի սովորեցնել ուրիշներին. Սկսեք ավելի լավ է կարգուկանոն հաստատել սեփական պետությունում: Չէ որ դուք այդքան շատ խնդիրներ ունեք»,-նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:



























