Քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է, իսկ արագ արձագանքման կարեւորությունը` շատ ավելի էական, քան քաղաքական ու արարողակարգային հնարավոր տարատեսակ ենթադրություններն ու երկրորդական մտահոգությունները:

Այս մասին ասված է Քեսաբ այցելած Հայաստանի ԱԺ պատգամավորների տարածած հաղորդագրության մեջ: 
Պատգամավորական խմբի հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Արման Սահակյանը եւ Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից:

Պատգամավորական խումբը հանդիպումներ է ունեցել նաեւ Սիրիայի աշխարհիկ ու հոգեւոր բարձրագույն իշխանությունների հետ: Այցելությունը, ինչպես եւ դրան նախորդած քաղաքական հայտարարությունը, արագ արձագանք էր ստեղծված իրավիճակին՝ արձանագրելու, որ հայության որեւէ հատվածի խնդիր նաեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության խնդիրն է: Պատգամավորական խումբը տեղում ծանոթացել է ստեղծված ցավալի իրավիճակին, քեսաբահայ մեր քույրերին ու եղբայրներին է փոխանցել Հայաստանի Հանրապետության զորակցությունն ու նրանց կողքին լինելու պատրաստակամությունը, Սիրիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակեց սիրիական ճգնաժամի եւ դրա արդյունքում ողբերգական իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների ապագայի վերաբերյալ:
Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաեւ Արամ Ա Կաթողիկոսի եւ Լիբանանի խորհրդարանի հայ գործընկերների հետ՝ քննարկելու սիրիահայության վիճակը: Պատգամավորական խումբը փաստահավաք առաքելության արդյունքները ներկայացրել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը: Բացի փաստական, վիճակագրական եւ այլ տվյալներից, այն ներառում է նաեւ խմբի կողմից մշակված առանձին առաջարկություններ, որոնք, լրացուցիչ քննարկումներից հետո կարող են կյանքի կոչվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասարակական ու համազգային խողովակներով:

Պատգամավորական խումբն իր երախտագիտությունն ու աջակցությունն է հայտնում Սիրիայի արաբական հանրապետությունում աշխատող մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ դեսպան Արշակ Փոլադյանի ղեկավարությամբ, ովքեր պատերազմական պայմաններում, վտանգելով սեփական կյանքը, շարունակում են իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Խումբն իր հատուկ երախտագիտությունն է հայտնում նաեւ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին՝ Սիրիա այցելությանն առնչվող ֆինանսական բոլոր ծախսերը հոգալու համար»: