Եգիպտոսում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են մայիսի 26-27-ին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդում էին, որ արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլինի: Այս շաբաթ Եգիպտոսի պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարեց իր հրաժարականի մասին առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վերջին կես տարում Եգիպտոսում զուգահեռ տեղի են ունեցել միաժամանակ մի քանի քարոզարշավներ, որոնց նպատակն էր դրդել մեծ հեղինակություն վայելող գեներալ աս-Սիսիին առաջ քաշել իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնում: Ոմանք ցանկանում էին, որպեսզի պաշտպանության նախարարն առաջ քաշի իր թեկնածությունը, ոմանք կարծում են, որ նա արդեն «վայելում է ժողովրդի վստահությունը» եւ «պատրաստ է հենց հիմա, առանց քվեարկության, ղեկավարել երկիրը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախկինում իր թեկնածությունն առաջ քաշելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է միայն սոցիալիստ-նասերական եւ նախագահության նախկին թեկնածու Համդեյն Սաբահին: Նախկին այլախոհի որոշումն արդեն պառակտում է առաջացրել երիտասարդական «Թամարուդ» շարժման մեջ, որը կարեւոր դեր է խաղացել նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալման գործում: