Առաջին անգամ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ կին է ընտրվել: Մարտի 30-ին տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ Փարիզի նոր քաղաքապետ է դարձել 54-ամյա սոցիալիստ Անն Իդալգոն: Նա հավաքել է ձայների 54,5 տոկոսը, հաղորդում է BBC-ն:

Իդալգոն 9 տոկոսով գերազանցել է իր մրցակցուհուն՝ աջ ցենտրիստ Նատալի Կոստյուշկո-Մորիզեին, ով նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի համախոհն է:

Անն Իդալգոն կփոխարինի Բերտրան Դելանոեին, ով 13 տարի ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետն էր:

Նշենք, որ նախնական տվյալների համաձայն, Ֆրանսիայում մունիցիպալ ընտրություններն ավարտվել են ցենտրիստների եւ աջ կուսակցությունների դիրքերի ամրապնդմամբ: Սոցիալիստները պարտվել են Մարսելում: Իշխող Սոցիալիստական կուսակցությունը հիմնական հաջողության հասել է միայն Փարիզում: