Ուկրաինայի ՆԳՆ-ն, Գլխավոր դատախազությունը եւ Անվտանգության ծառայությունը մտադիր են ապրիլի 3-ին հրապարակել Կիեւի կենտրոնում Անկախության մայդանում բողոքի ցույցերի ընթացքում զանգվածային սպանությունների գործի հետաքննության միջանկյալ հաշվետվությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Ենթադրում եմ, հինգշաբթի հնարավորություն կունենան գլխավոր դատախազի եւ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի հետ ներկայացնել զանգվածային սպանությունների գործի հետաքննության միջանկյալ հաշվետվությունը: Ցույց կտանք ու կպատմենք այն մասին, ինչը չի վնասի հետագա հետաքննությանը: Տեղեկություններ կտրամադրենք ձերբակալված կասկածյալների մասին»,- հայտարարել է Ավակովը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածները ներկայացնում են «ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ կազմակերպված քրեական հանցախմբերը»:
Բացի այդ, Ավակովը վստահեցրել է, որ մոտակա երկու օրվա ընթացքում ավարտին կմոտենա «Աջ սեկտորնի» առաջնորդներից մեկի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի(Սաշա Բելի) սպանության միջադեպի ծառայողական հետաքննությունը:
«Բոլոր նյութերն ու եզրակացությունները հասանելի կլինեն ու կհրապարակվեն: Օրենքով սահմանված գործընթացի շրջանակներում իր քննությունն է անցկացնում Գլխավոր դատախազությունը»,- հայտարարել է ներքին գործերի նախարարը:
Սաշկո Բելին սպանվել է մարտի 25-ի գիշերը, Ռովենի մարզում: «Աջ հատվածի» ակտիվիստները չեն հավատացել ոստիկանությանը եւ խոստացել են վրեժ լուծել ՆԳ նախարար Արսեն Ավակովից: «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել է Ավակովի անհապաղ հրաժարականը: Վերջինս հայտարարել է, որ հասարակական կարգը խախտողների նկատմամբ խիստ պատիժներ կհետեւեն:


























