Հարավային եւ Հյուսիսային Կորեաները ծովային սահմանի շրջանում հրետանային համազարկեր են փոխանակել:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային իրազեկել էր Դեղին ծովում ուսումնական կրակոցներ անցկացնելու մտադրության մասին: Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչների խոսքով` հյուսիսկորեական համազարկերի մի մասն ընկել է հարավկորեական ծովային սահմանի մոտ, ինչից հետո որոշվել է պատասխան կրակոցներ արձակել հրետանուց,  հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Հրետանային համազարկեր են փոխանակվել հարավկորեական Պենենդո կղզուց ոչ հեռու: Կղզում բնակիչների տարհանում է հայտարարվել: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

2014թ. սկզբից ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումների շարք է իրականացրել` մարտի վերջին բալիստիկական միջին հեռահարության երկու հրթիռ արձակելով:

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել էր այդ գործողությունը` այն ընդունված բանաձեւերին հակասող համարելով:  ԿԺԴՀ իշխանությունները մարտի վերջին հայտարարել էին նաեւ միջուկային չորրորդ փորձարկումներն անցկացնելու մտադրության մասին: