Երեւանում երեկվանից մինչեւ այսօր՝ ժամը 10.00 դրությամբ, արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն երեքն են եղել մարմնական վնասվածքներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

Նա նշեց, որ այդ վթարներից տուժել է 5 մարդ, որոնք առաջին բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն:

Արսեն Արշակյանն ասաց, որ երեկ առավոտվանից ՃՈ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, մի քանի փողոցներում՝ Մյասնիկյան, Իսակով, եղել են խցանումներ, բայց իրավիճակը արագորեն շտկվել է: «Գիշերը բոլորս դրսում ենք եղել, ծառայության ենք իրականացրել մինչեւ վաղ առավոտ: Այս պահի դրությամբ եւս ուժեղացված ռեժիմով ենք աշխատում: Այժմ Երեւանի փողոցներում խցանումներ, խոչընդոտներ չկան եւ ոչ անցանելի ճանապարհներ չկան»,- նշեց նա:

Արսեն Արշակյանն ասաց, որ իրավիճակը ՃՈ-ի հսկողության տակ է, որեւէ արտառոց դեպք  չի եղել եւ հույս ունեն, որ չի էլ լինի:

Նա կոչ արեց վարորդներին օգտվել ձմեռային անվադողերից, իսկ եթե արդեն փոխել են դրանք, ապա ավելի լավ է չշահագորեն մեքենան, երկու օր սպասեն մինչեւ ձյունը հալվի: