Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը մարտի 29-ին անցկացրել են խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական եւ վերջնական համաձայնեցման հարցերի առնչությամբ:

Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվել է մի քանի ամիս եւ ս.թ. ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Մինչեւ աշխատանքների մեկնարկը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության մասնագետների հետ կանցնեն գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ծանոթացման եւ համատեղ ներգրավման դասընթաց:

Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնելու են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաեւ աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ծրագրի այս փուլը կտեւի մեկ տարուց ավելի, հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով: