Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցած 26 կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների թվում հայեր եւս եղել են: Սակայն տվյալ պահին, նկատի ունենալով վերջնականապես հաստատված ցուցակների բացակայությունը, հայտնի չէ, թե ովքեր են հաղթանակ տարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիրներից մեկը՝ Բագրատ Էստուկյանը, նշելով, որ հայ թեկնածուներ մրցակցող կուսակցությունների ցանկում քիչ են եղել:
Այնուամենայնիվ, Էստուկյանի խոսքով՝ եթե հայ թեկնածուները անցնեն ըստ ցուցակների, ապա քաղաքային խորհուրդներում աննշան պաշտոններ կզբաղեցնեն: Գնահատելով կայացած ընտրությունները՝ «Ակոսի» խմբագիրն ընդգծել է, որ ժողովրդավարական ընտրազանգվածի շրջանում հիասթափություն է տիրում. «Հակառակ սպասումների՝ ընտրությունների արդյունքում, հաղթանակ են տարել ազգայնականներն ու կրոնական ուղղվածության կուսակցությունները: Դա հնարավոր է դարձել, երբ այդ կուսակցությունները երկրի սահմանամերձ շրջաններում 90 տոկոսի աջակցությանն են արժանացել»: Էստուկյանը նաեւ հաղորդել է, որ վերջնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն ժամեր անց ու այն ժամանակ էլ պարզ կդառնա՝ ցուցակներում կան հայեր, թե ոչ:
Նշենք, որ մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 26 կուսակցություն: Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը հավաքել է 44,9 տոկոս:


























