Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում մարտի 29-ին`ժամը 15:00-16:00-ի սահմաններում, ուժեղ քամին պոկել է անասնագոմի տանիքի թիթեղը եւ գցել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա: Մեքենայում գտնվող երկու երիտասարդ տղաները, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չեն ստացել, սակայն մեքենան զգալիորեն վնասվել է: Տանիքի թիթեղը մեքենայի վրայից հեռացրել են ԱԻՆ աշխատակիցները։
Բնակիչների խոսքով՝ գյուղում գրեթե 2 օր էլեկտաէներգիա չի եղել, իսկ այսօր առավոտյան էլեկտրական հոսանքի տատանումներ են եղել, ինչի հետեւանքով վնասվել է բնակիչների էլեկտրական կենցաղային տեխնիկան:
«Առավոտյան մի պահ այնքան թույլ էր լույսը, որ մեր հեռուստացույցը եւ ջրատաքացուցիչը վառվեցին, հարեւանի ջրատաքացուցիչն էլ է վառվել: Հիմա գնալու ենք էլեկտրոցանց, որ դիմում գրենք, գան վերանորոգեն»,- պատմեց Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ անցած տարի էլ նույն բանն էր եղել, սակայն փոխհատուցում ՀԷՑ-ից չեն ստացել։
Ուժեղ ցրտերի պատճառով տուժել են նաեւ գյուղի պտղատու ծառերը, հատկապես ծիրանենիները, ցրտահարվել են խաղողի այգիները: Մարտի վերջի աննախադեպ ցուրտը մեծ վնաս է հասցրել բանջարանոցային կուլտուրաներին, որոնք ջերմոցների պոլիէթիլենային թաղանթի տակ չեն եղել:



























