«Հայհիդրոմետը» չի կարծում, թե թերացել է իր աշխատանքում, թերացումը եղել է միայն ձյան քանակի մասով, իսկ մնացածի մասին նախապես հայտարարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նշեց, որ մարտի 26-ից սկսած իրենք «Ուշադրություն» խորագրով տեղեկություն են տեղադրել ԱԻՆ-ի կայքում, իսկ մարտի 28-ին իրենց իսկ նախաձեռնությամբ հրավիրել են ասուլիս: «Մենք գյուղնախարարությանը ասել էինք, որ կլինի ցրտահարություն, դրա համար էլ իրենք խորհուրդներ են տալիս: Մի հատ թող էդ Բերբերյանը ասի, որ եթե ասեինք անցյալ տարի էս ժամանակ, ի՞նչ էին անելու: Այդպես չի լինում, որ վտանգավոր երեւույթի մասին մի շաբաթ առաջ նախազգուշացում լինի, դա բարդ բան է, բայց մենք մարտի 26-ից սկսել ենք իրազեկումը, միլիոն հատ հրաչբերբերյաններ կարող են վեր կենալ եւ ասել՝ սենց չի, նենց ա, ես ի՞նչ կարող եմ ասել»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Նա շեշտեց, որ մանավանդ գյուղնախարարության հետ «Հիդրոմետը» շատ լավ աշխատել է եւ որեւէ մեղքի բաժին չունի: Զարուհի Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենք նախապես ասել էին, որ ջերմաստիճանը 4 աստիճանով կիջնի եւ նույնքան էլ եղել է Արարատյան դաշտավայրում: «Հիդրոմետը ընդունում է, որ չենք ասել, որ այսքան քանակությամբ ձյուն կգա, ասել ենք, որ սպասվում են ձյան տեսքով տեղումներ՝ անձրեւի հետ միասին, այստեղ որոշակի թերի ինֆորմացիա կա, բայց դուք հաշվի առեք, որ դա կանխատեսում է»,- նշեց Զարուհի Պետրոսյանը:
Նա նաեւ ասաց, որ ձյունը ինչ-որ չափով պահել է ծառերը ցրտահարությունից, իսկ առաջիկա գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչեւ 5 աստիճան, ձյունը կհալի ծառերի վրա, ինչը շատ վտանգավոր է ցրտահարության տեսանկյունից:
Նշենք, որ «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե այս անգամ գյուղատնտեսության նախարարությունը ամեն ինչ արեց, «եթե նախորդ տարիներին ուշ էր արձագանքում, պատրաստում գյուղացիներին, այս տարի ամեն ինչը տեղի տեղին էր, ուղղակի օդերեւութաբանական կայանը մեկ օր ուշ էր ասել, որ ցրտահարութուն կլինի, բայց դա ոչ մի նշանակություն չունի, բնությունը իրենը արեց, որեւէ մեկը բնության դեմ ոչինչ չէր կարող անել»:
Նշենք, որ մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում 20-30մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում 5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում 25-30սմ, Սյունիքի հովիտներում 13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ (Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երեւանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:
Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում եւ Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























