Թուրքիայում մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը աննախադեպ արդյունքներ է գրանցել երկրի արեւելյան նահանգներում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով քրդական կուսակցությունն այս ՏԻՄ ընտրություններին կարողացել է պահպանել նախորդ արդյունքները եւ իշխող կուսակցության ձեռքից խլել արեւելյան նահանգներում 3 քաղաքներ ու բազմաթիվ շրջաններ։
Քրդական կուսակցությունը պահպանել է Իգդիրը, Վանը, Դիարբեքիրը, Բաթմանը, Սիիրթը (Սղերթ), Շրնաքը, Հաքքարին եւ այս ընտրություններին ավելացրել Թունջելին (Դերսիմ), Բիթլիսը եւ Աղրըն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջատար է՝ 44,9 տոկոսով, որին հետեւում են «Ժողովրդա-հանրապետական»՝ 27,3, «Ազգայնական շարժում»՝ 18,2 եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 5 տոկոսին մոտ ձայներով:


























