Վերջին օրերի ուժեղ ցրտերի եւ առատ տեղումների պատճառով Արմավիրի մարզում տուժել են բանջարաբոստանային կուլտուրաները, որոնք ջերմոցների պոլիէթիլենային թաղանթի տակ չեն եղել: Ծաղկալանջ գյուղում, օրինակ, բացի ծաղկած պտղատու ծառերից, գրեթե ամբողջությամբ փչացել է քաղելու ենթակա կանաչեղենը՝ թարխունը, համեմը, կոտեմը, մաղադանոսը։

Եղանակի տաքանալու հետ գյուղացիները հեռացրել էին պաշտպանիչ պոլիէթիլենային թաղանթները։ Հոսանքի տատանումների մատակարարման խափանումների պատճառով շատերը չեն կարողացել նաեւ տաքացնել ջերմոցային կուլտուրաները եւ կորցրել են բերքի մեծ մասը։

Ցուրտը մեծ վնաս է հասցրել նաեւ կարտոֆիլի ցանքատարածություններին, քանի որ կարտոֆիլի սերմը ցանել էին փետրվարի վերջին եւ արդեն ծլած սերմը մնացել է ձյան տակ։

«Հնարավոր է՝ ամբողջովին փչացած չլինի, բայց ինչն էլ մնացած լինի, արդեն բերքի որակն էն չի լինի»,- NEWS.am-ին ասաց Ծաղկալանջի բնակիչ Աստղիկ Երվանդյանը։

Ձյան եւ կարկուտի պատճառով վնասվել են պտղատու ծաղկած ծառերը՝ հիմնականում ծիրանն ու սալորը, ցրտահարվել են խաղողի այգիները: