Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Մուսթաֆա Սարըգյուլը հայտարարություն է տարածել՝ ընդունելով ընտրություններում իր պարտությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուի համար ամենավտանգավոր մրցակից համարվող Մուսթաֆա Սարըգյուլը ընտրությունների հետ կապված հայտարություն է տարածել՝ նշելով, որ ինչ-որ պատճառաբանությունների մեջ խորասուզվելն իր քաղաքական կամքի դեմ է՝ շեշտելով, որ միակ բանը որ մնում է անել՝ ավելի մեծ ջանքերով աշխատելն է։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Քադիր Թոփբաշը։
Հիշեցնենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է հանդիսացել, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։ «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը:


























