Մարտի 31-ին Դեղին ծովում անցկացվող հրետանային կրակոցների ընթացքում հյուսիսկորեական կողմը ավելի քան 500 համազարկ է տվել:
Միաժամանակ, ինչպես հայտնում է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, այդ լիցքերից մոտ 100-ը ընկել են Սեուլի կողմից վերահսկվող ծովային տարածք:
Հարավային Կորեան էլ պատասխանել է մոտ 300 կրակոցով: Հարավային Կորեայի իշխանությունները ստիպված են եղել նաեւ ապահով վայր տարհանել Դեղին ծովին սահմանամերձ Պենյոնդո կղզու բնակիչներին, որի ջրրերի մոտ ԿԺԴՀ-ի զինված ուժերը կրակոցներ էին արձակում: Կողմերից որեւէ մեկից տուժածների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն ֆաքսով Հարավային Կորեային զգուշացրել էր Դեղին ծովում` ծովային սահմանի հարեւանությամբ նախատեսված կրակոցների մասին: Ըստ ստացված տեղեկության` դրանք իրականացվելու էին հյուսիսային սահմանազատող գծի յոթ շրջաններում, որը ծովային սահման է երկու Կորեաների միջեւ: Ընդ որում` Հյուսիսային Կորեան չէր տեղեկացրել հրաձգությունն իրականացնելու ճշգրիտ ժամանակի մասին:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում այժմ տեղի են ունենում պատմության մեջ ԱՄՆ-ի հետ համատեղ ամենախոշոր ծովային զորավարժությունները, որին մասնակցում են 11 հազար ամերիկացի եւ կորեացի զինվորականներ: Մարտի 27-ին Կորեական թերակղզու հարավում սկսված «Սսանյոն» («Կրկնակի վիշապ») զորավարժությունները կավարտվեն ապրիլի 7-ին:


























