Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին եւ Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության եւ գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել:
Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, եւ համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Կարեւորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձեւավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են նախապատրաստել հուշագիր՝ կրթության եւ գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության եւ կրթաթոշակային երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաեւ Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման համանման փորձն առկա է:



























