Ռուսաստանի գլխավոր շտաբը Ղրիմում մինչեւ  2020թ. Ղրիմի տարածքում ՊՆ գործունեության ծրագիր է մշակում: Այս մասին  խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նշված ծրագիրը կքննարկենք ապրիլի 4-ին` պաշտպանության նախարարության արտահերթ նիստում», - ասել է պաշտպանության նախարարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա իր տեղակալներին եւ ռազմական գերատեսչության կենտրոնական մարմինների ղեկավարներին հանձնարարել է «ակտիվ մասնակցել տվյալ փաստաթղթի ուղղությամբ կատարվող աշխատանքներին եւ հաշվի առնել զորքերի կենսունակությունն ապահովող բոլոր հարցերը»:

Շոյգուն հիշեցրել է, որ մարտի 24-ին ինքը «աշխատել է Ղրիմի Հանրապետությունում եւ Սեւաստոպոլում, որտեղ հանդիպել էր ՌԴ նոր սուբյեկտների ղեկավարներին, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի հրամանատարներին, որոնք ցանկություն էին հայտնել շարունակել ծառայությունը Ռուսական բանակում»: