Հայաստանի ՊՆ Հրազդանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի խմբի պետ, կապիտան Սերգեյ Վարդանի Սարգսյանը չի ցանկանում բողոքարկել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Մակբեթ Կարապետյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը իմաստ չի տեսնում բողոքարկելու դատարանի որոշումը, քանի որ վստահ է՝ որեւէ բան չի փոխվելու: իսկ կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն կողմը արել էր դեռ առաջին ատյանի դատարանում, բայց դատարանն այն մերժել էր:
Ինչ վերաբերում է 300 դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրանքին, Սերգեյ Սարգսյանն իր փաստաբանին պատմել է, որ ինքը ոչ մի կաշառք չի պահանջել, այդ անձը անընդհատ նրան դրդել եւ պնդել է, որ այդ գումարը վերցնի, իսկ ինքը միշտ հրաժարվել է: «Դեպքի օրն էլ այդ տղան բերել է, գումարը գցել սեղանին, իսկ ինքը հարկադրված վերցրել է: Ասում է՝ այդ օրը ծնունդս էր, մոտս գումար չկար, դրա համար եմ վերցրել»,-փոխանցեց փաստաբանը:
Իսկ թե ինչ պետք է աներ պաշտոնյան այդ գումարի դիմաց, Մակբեթ Կարապետյանը պարզաբանեց, որ այդ անձը ցանկանում էր պայմանագրային զինծառայության անցնլ, բայց զինգրքույկում ինչ-որ բաներ կային, որոնք թույլ չէին տալիս նորից անցնել ծառայության:
Ի դեպ, Սերգեյ Վարդանի Սարգսյանը ընտանիքի միակ կերակրող ձեռքն է, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի: Նրա հայրը 2-րդ կարգի հաշմանադամություն ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: Նա ձերբակալվել է իր աշխատասենյակում քաղաքացի Դ.Բ.-ից 300 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց անմիջապես հետո: Զինկոմիսարիատի բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311 հոդ. 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալ:



























