«Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա» խոսքերի հետքերով Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն հասցեագրված դիմումը ուղարկվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ արդեն Աբովյանի քննչական բաժնում բացատրություն տվել է, նյութեր են նախապատրաստվում: Փաստաբանը շեշտեց, որ միջադեպի առթիվ անպայման պետք է գործ հարուցեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու  հատկանիշներով:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին հետաձգվել էր դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարել էր, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ,Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: Դերասանը մեկ-երկու բառ էր ասել, ինչից հետո դատավորը նրան ընդհատել էր, իսկ տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասել էր. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am