Մարտի վերջին անակնկալ մատուցած առատ ձյունը մայրաքաղաքում խնդիրներ է առաջացրել եւ հետիոտների, եւ վարորդների համար։ Վարորդներից շատերը, որոնք արդեն հրաժարվել էին ձմեռային անվադողերից, այսօր կամ մեքենան ավտոտնակից չեն հանել, կամ էլ հանել են՝ վտանգելով իրենց եւ ուրիշների կյանքը։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի հետ զրույցում երեւանցիները խոստովանեցին, որ ստիպված են եղել վերեւի դարակներից իջեցնել վերարկուները, երկարաճիտ կոշիկները եւ ձեռնոցները։

Թաղամասերում, որտեղ հիմնականում սեփական տներ են, ձմեռվա տխուր փորձից վախեցած՝ օրը 24 ժամ բաց են պահում ջրի ծորակը, որպեսզի խողովակները չսառեն ու առանց ջրի չմնան։

Առատ ձյունը կարծես թե քաղաքապետարանին էլ է անակնկալի բերել։ Թեեւ քաղաքապետարանը ջանասիրաբար հաղորդում է փողոցների մաքրման աշխատանքների մասին, բայց ակնհայտ է, որ մաքրող տեխնիկան անցել է միայն կենտրոնական փողոցներով, այն էլ՝ ոչ բոլոր։ Մայթերի, բակերի եւ աստիճանների մասին խոսելն անիմաստ է. դրանք պատշաճ չեն մաքրվել նույնիսկ ձմեռային ամիսներին։

Մինչեւ անսպասելի ձյան տեղումները քաղաքի տարբեր հատվածներում սկսվել էին ասֆալտի վերանորոգման աշխատանքներ, ինչը վարորդների համար լրացուցիչ գլխացավանք է դարձել։ Վերանորոգման համար հեռացված ասֆալտի փոխարեն այժմ մեծ ջրափոսեր են առաջացել, որոնք վնասում են մեքենաները։ Ձնհալի հետեւանքով առաջացած ջրափոսերի մեջ ժամերով ստիպված են երթուղային սպասել նաեւ հետիոտները։ Քաղաքի բարձրադիր թաղամասերում, որտեղ ձյունը դժվար անցանելի էր դարձրել փողոցները, այսօր առավոտից սովորականից վատ է աշխատում երթուղային տրանսպորտը։ Տաքսիները նույնպես չեն փրկում, ծառայությունների մեծ մասը առավոտյան հրաժարվում էր պատվեր ընդունել, օրինակ, դեպի Նոր Նորք։ Շատերն էլ հրաժարվում են տաքսի նստել, երբ նկատում են դրանց ամառային անվադողերը։

Ամառային անվադողերով փողոց դուրս եկած մեքենաների վարորդները խոստովանում են, որ չեն պատրաստվում «երկու օրվա համար» փոխել դրանք։ Նրանք էլ, քաղաքապետարանի նման հույսը դրել են ջերմաստիճանի բարձրացման վրա, որը, ըստ կանխատեսումների, սպասվում է ապրիլի 2-ից։