ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ճապոնիային պարտավորեցրել է դադարեցնել Անտարկտիդայում կետերի սպանդի ծրագիրը:
ՄԱԿ-ի գերագույն ատյանը պաշտոնական Տոկիոյից պահանջում է հետ կանչել Անտարկտիդայում ճապոնական հետազոտական ծրագրին համապատասխան տրված լիցենզիաները եւ դադարեցնել տվյալ լիցենզիաների հետագա տրամադրումը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ 2010 թ. Ճապոնիայի դեմ Միջազգային դատարան հայց էր ներկայացրել Ավստրալիան: Կանբերան Տոկիոյին մեղադրել էր նրանում, որ Անտարկտիդայում ճապոնական հետազոտական ծրագիրը «հակասում է պարտավորություններին, որոնք ստանձնել էր Ճապոնիան 1946թ. միջազգային հռչակագրով, ինչպես նաեւ այլ միջազգային պարտավորություններով` ծովային կաթնասուններին եւ ծովային միջավայրը պահպանելու համար»:
Կետերի պահպանման միջազգային հանձնաժողովը 1986թ. կետերի սպանությունն արգելել էր ամբողջ աշխարհում, սակայն ձկնորսության հնարավորություն էր թողել ` գիտական նպատակներով: Դրանից էլ օգտվել էր Ճապոնիան, որի կետասպան նավերը կցվել էին գիտահետազոտական ինստիտուտին, իսկ որսն իրականացվել գիտական ծրագրերի շրջանակներում: Կետերի մսի վաճառքն իրականացվել էր հռչակագրի կետերին համապատասխան, որոնք թույլ էին տալիս վերամշակել կաթնասուններին` գործնական նպատակներից ելնելով:
Միջազգային դատարանի վճիռը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:


























