Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակից Մուշեղ Վ.-ն մեղադրվում է ավելի բարձր պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմ ձեռք բերելու եւ այն «Արթիկ» ՔԿՀ ներկայացնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Մուշեղը, աշխատելով «Արթիկ» ՔԿՀ-ում որպես որպես անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ, նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ, այն է՝ Լվովի պետական տնտեսագիտական համալսարանում սովորած չլինելով եւ տնտեսագետի որակավորում չունենալով, անհայտ անձից ձեռք է բերել հիշյալ համալսարանի КН N352467/N725/ կեղծ դիպլոմը, որը 2013թ սեպտեմբերի 27-ին ներկայացրել է հիմնարկի կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:

Մուշեղ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: