Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, հայր եւ որդի Շմավոն Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն մեղադրվում են ձեռնափայտով եւ քարերով Թադեւոս Բ.-ին հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 27-ին: Շմավոնն ու հայրը Գառնու ձորում անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճել են Թադեւոս Բ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Շմավոնը քարով, իսկ հայրն էլ ձեռնափայտով հարվածել են Թադեւոսին՝ պատճառելով միջին մարմնական վնասվածքներ: Բացի դրանից Շմավոնը ոստիկանությունում սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ վիճաբանության օրը Թադեւոսը ցանկացել է սպանել իրեն՝ իր ԳԱԶ 66 մակնիշի մեքենայով փորձելով վրաերթի ենթարկել:

Շմավոն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Երկրորդը նախատեսում է  ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հրանտ Հ.-ին մեղդադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա ապրիլի 9-ին: