Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետեւանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման եւ ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից եւ արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։

Ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով վնասվել է 4 շինություն` 2-ը Սյունիքում եւ մեկական շինություն Արարատի եւ Շիրակի մարզերում։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետեւանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երեւանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երեւանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին եւ մեկը շինության վրա։

Մարտի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սեւան-Մարտունի ավտոճանապարհները:

Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ եւ ցածր տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: