Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր,ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի  Հրանտ Գրիգորյանի (Էջմիածնեցի Հրանտ) ծիրանենու եւ խաղողի ցանքատարածքները եւս տուժել են եղանակային պայմանների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Գրիգորյանը:

«Էն, ինչը որ ծաղկել էր, բոլորը վնասվել է: Ես անձամբ չեմ զբաղվում էդ հողատարածքներով, չգիտեմ՝ ինչքանն է վնասվել, հաշվարկ էլ չեմ արել: Առաջին տարին չի, անցյալ տարի էլ խաղողի այգիներ կային, կարկուտը վնասեց, ոնց մեր ժողովուրդը, նենց էլ մենք, ինչ տարբերություն»,- նշեց նա:

Իսկ թե ինչ է պատրաստվում անել մարտի 31-ի, ապրիլի 1-ի գիշերը սպասվող ցրտահարության դեմ, պատգամավորն ասաց, որ եթե արդեն ցրտահարված է, ինչ կարող են անել, իսկ ինչ որ ծաղկել էր, ամբողջը ցրտահարվել է: Թե ով էր մեղավոր, պատգամավորը նշեց՝ «բնություն է, ինչ կարող էինք անել»: «Թե Հիդրոմետը, թե գյուղնախարարությունը ամեն ինչ անում էին, ժողովրդին տեղյակ էին պահում, ինչ-որ պետք է արվեր, արել են, ժողովուրդն էլ նախապատրաստվել է»,- նշեց պատգամավորը:

Հրանտ Գրիգորյանն ասաց, որ թող մի քանի օր անցնի, եղանակը բացվի, հաշվարկներ կանեն, գուցե մի որոշում կկայացնեն: Հարցին, թե չի պատրաստվում գյուղացիներին օգնելու հարցը բարձրացնել ԱԺ-ում, պատգամավորն ասաց. «Օրը գա, բարին հետը, տեսնենք ինչ է, ինչքան է, կբարձրացնենք էլի»:

Նշենք, որ մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում  20-30մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ  եւ ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին  դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ  տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում  5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում  25-30սմ, Սյունիքի հովիտներում  13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ (Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երեւանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է: