«Դոն Կիխոտ» հիմնադրամն այսօր՝ մարտի 31-ին, պարգեւատրել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղբանտարկյալի որդին՝ Շահեն Հարությունյանը, որն էլ ստացել է պատվոգիրը:

«Շատ ուրախ եմ մրցանակի համար, բայց սա բոլոր քաղբանտարկյալների մրցանակն է: Ուզում եմ, որ բոլոր քաղբանտարկյալները դուրս կգան բանտերից եւ իրենց՝ ազատ, անկախ Հայաստան ունենալու ցանկությունն իրականություն դառնա, իսկ իրենք էլ ասպետներ դառնան»,- ասաց Շահենը:

Պատվոգրից բացի հիմնադրամը փոխանցել է նաեւ 100 հազար դրամ: Շահեն Հարությունյանի խոսքով՝ այս գումարը փոխանցվելու է «Շանթ եւ ազատություն» հիմնադրամին:

Անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանն արդեն տեղյակ է մրցանակի մասին:

Նշենք, որ այսօր փոխվել է Շանթ Հարությունյանի մեղադրանքը: Հանվել է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը, իսկ դրա փոխարեն առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասը, որը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր: