Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Արծրուն Գ.-ն, 25-ամյա Արայիկ Գ.-ն եւ 20-ամյա Սամվել Գ.-ն մեղադրվում են Գեւորգ Զ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 23-ին: Արծրունը Հրազդանի խորտկարաններից մեկում իր ընկեր Արթուր Ա.-ին պատկանող վարորդական իրավունքի վկայականի շուրջ վիճաբանել է Գեւորգ Զ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Արծրունը երկու անգամ բռունցքով հարվածել է Գեւորգին: Այնուհետեւ ծեծկռտուքը երիտասարդները շարունակել են Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի դաշտավայրում: Արծրունը եղբոր՝ Արայիկի, հորեղբոր որդու՝ Սամվելի եւ ընկերոջ՝ Արթուրի հետ, ծեծի են ենթարկել Գեւորգին՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:

Արծրուն Գ.-ին, Արայիկ Գ.-ին եւ Սամվել Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Արծրունին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա ապրիլի 3-ին: