Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին բնապնախարար Մուրադ Մուրադյանը հողատարածքները եւս մեծապես տուժել են վերջին երկու օրվա եղանակային պայմանների պատճառով:
«Խնդրում եմ ինձի չհիշեցնենք, երկու գիշեր է՝ ոչ քնել եմ կարողանում, ոչ մի բան: 5 աստիճան ցրտի դեմ ինչը կարող է օգնել, էդ միջոցները կարող են օգնել, եթե 1 աստիճան է եւ հողը ջրած է: Ես 50-57 տարի է՝ հողի հետ գործ ունեմ, հողի մեջ աշխատում եմ, գյուղատնտեսության նախարարությունից ոչ պակաս եմ հասկանում, երբ հողը չոր է, ջրում ես, ծուխ ես տալիս շրջակայքը, չորս կողմը պագրիշկա, կամ մի բան ես վառում, որ ծուխ լինի, դա օգնում է ցրտահարության դեմ, երբ -1 աստիճան է, բայց երբ -4 կամ -5 աստիճան է, ինչ ուզում ես արա, ոչինչ չի օգնում: Ահագին մեծ կորուստներ եմ կրել, չգիտեմ՝ ոնց կվերջանա, երեւի պետական մոտեցում է պետք»,- նշեց գյուղատնտեսությամբ զբաղվող պատգամավորը:
Նա չասաց, թե իր բերքի ինչքան հատվածն է վնասվել եւ մոտավոր ինչքան է կազմում վնասի չափը: «Թող ժողովրդի վիճակը լավ լինի, իմը ոչինչ: Թող գոնե ժողովրդի համար պետական մոտեցում լինի, իմ նմանները ոչինչ, յոլա կգնան»,- ասաց նախկին նախարարը:
Նա տեղյակ է, որ մարտի 31-ի-ապրիլի 1-ի գւշերը եւս սպասվում է ցրտահարություն, հույս ունի, որ վաղվանից եղանակը կլավանա:
Նշենք, որ մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում 20-30մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում 5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում 25-30սմ, Սյունիքի հովիտներում 13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ (Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երեւանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:
Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում եւ Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում:


























