Դոնեցկի մարզային խորհուրդն ու դրա ղեկավար Անդրեյ Շիշացկին դիմել է Ուկրաինայի Գերագույն Ռադային՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել «երկրում իրավիճակը կայունացնելու համար», ներառյալ հանրաքվեի մասին օրենքի ընդունումն ու ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ վերջին իրադարձություններն Ուկրաինայում հանգեցրել են քաղաքական իրավիճակի լարման եւ քրեածին մթնոլորտի: «Նոր իշխանությունների առանձին պոպուլիստական քայլերը բերում են սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ առաջացնում մեր քաղաքացիների անհանգստությունը»,-ասված է հայտարարությունում:

Բացի այդ, Դոնեցկի մարզխորհուրդը պահանջում է ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհել՝ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով:

Գերագույն Ռադային նաեւ առաջարկվում է շտապ «Տեղական հանրաքվեների մասին» օրենք ընդունել:

Նշենք, որ Անդրեյ Շիշացկին Ռեգիոնների կուսակցությունից դուրս է եկել մարտի սկզբին: