Ռուսաստանում եւ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց միջազգային արձագանքը կնպաստեն 2014-ին ռուսական տնտեսության աճի տեմպի նվազեցմանը մինչեւ 1,2 տոկոսի: Այս մասին նշվում է Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության «Ռուսաստան-Ուկրաինա. Ճգնաժամի զարգացում» վերլուծական հոդվածում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
S&P-ի բազային սցենարը նախատեսում է ճգնաժամի սրության կայուն նվազում եւ վիճելի հարցերի լուծման հարցում լարվածության պահպանում, միաժամանակ ճգնաժամի ազդեցությունը կսահմանափակվի Ուկրաինայով եւ Ռուսաստանով:
«Մենք սպասում ենք 2014-ի համար ռուսական տնտեսության աճի տեմպերի չափավոր նվազում մինչեւ 1,2 տոկոսի եւ 2015-ին դրա աստիճանաբար աճ մինչեւ 2,2 տոկոսի: Մենք ակնկալում ենք, որ ռուբլու փոխարժեքը կկայունանա ընթացիկ մակարդակի վրա, կապիտալի հոսքը կկրճատվի, իսկ գնաճային ճնշումը կնվազի»,-ասված է հոդվածում:
Միաժամանակ, գործակալությունը հավանական է համարում լարվածության զարգացումը, ինչը կարող է հանգեցնել միջազգային ներդրողների կողմից ռուսական ակտիվների վաճառքի նոր ալիքի եւ կապիտալի դուրս բերում երկրից, իսկ ռուբլին այդ ընթացքում կարժեզրկվի եւս 10 տոկոսով (դոլարի նկատմամբ):
«Այդ սցենարի դեպքում ռուսական տնտեսության աճի տեմպը 2014-ին կարող է նվազել մինչեւ 0,6 տոկոսի»,-ասված է հոդվածում:


























