Արտադրանքի մրցունակության համար հայ տեքստիլագործներին հարկավոր են էլեկտրականության զեղչեր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզում գտնվող Մարալիկի բամբակագործական ֆաբրիկայի(«Նայթեքս» ԲԲԸ) տնօրեն Հակոբ Աղաբեկյանը: Ընկերության արտադրությունը բավական էներգատար է, քանի որ ներառում է մշակման բոլոր փուլերը՝ բամբակագործությունից մինչեւ կտորագործություն, կար եւ գունավորում:
«Ասենք, եթե ինչ-որ մեկն աշխատում է գազով ու ծախսում է ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր, ապա անցնում է ցածր սակագնի(26 տոկոսով ցածր՝ խմբ.): Մենք օգտագործում ենք նույնքան էներգիա, սակայն էլեկտրականություն, մեր սարքերը գազով չեն կարող աշխատել»,- հայտարարել է Աղաբեկյանը:
Գիշերային սակագնից օգտվել ընկերությունը նույնպես չի ցանկանում. Աշխատողների մեծամասնությունը տնամերձ տնտեսություն ունի, որտեղ երեկոյան է աշխատում: «Ինչ-որ մեկը կով է պահում, ինչ-որ մեկը հողամաս է մշակում. երեկոյան նրանք պետք է տանը լինեն»,- պարզաբանել է Աղաբեկյանը:
Նշենք, որ վերջերս Շիրակի մարզում է եղել Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել նշված հարցով ու ու այդ թեմայի առթիվ նամակ կկազմի ուղղված Հայաստանի կառավարությանը:



























