Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է կառավարության նախագահ ֆրանսիական ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի՝ ներքին գործերի նախարար Մանուել Վալսի նշանակման մասին:

Հեռուստաեթերից ուղերձի ընթացքում Օլանդն ընդգծել է, որ այսօր ժամանակն է նոր փուլ սկսել: «Ես հրահանգել եմ Վալսին գլխավորել կառավարությունը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Վալսը ունի բոլոր որակները՝ նախարարների կաբինետը հաջողության ղեկավարելու համար:

Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահը, նոր կառավարությունն աշխատելու է երեք հիմնական ուղղություններով՝ տնտեսական խնդիրների լուծում, ֆրանսիացների գնորդական կարողությունների ավելացում եւ պայքար հանուն սոցիալական արդարության: Մեկնաբանելով մարտի 30-ին կայացած մունիցիպալ ընտրությունների արդյունքները, Օլանդն ընտրողներին ասել է. «Ես լսեցի ձեր ուղերձը»:

Նշենք, որ մարտի 31-ին տեղական ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել: Վարչապետ Ժան-Մարկ Էյրոն եւ նախարարների կաբինետի մյուս անդամները հրաժարական են տվել՝ ընտրություններում կրած պարտության մեղքն իրենց վրա վերցնելով: