Սպիտակ տան ուղղությամբ հրացանից ութ կրակոց արձակած ամերիկացին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Համապատասխան վճիռը կայացրել է Վաշինգտոնի դաշնային դատարանը:
Հաղորդվում է, որ սկզբնապես 23-ամյա Օսկար Օրտեգա Էրնանդեզին մեղադրում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձի մեջ: Հետագայում այդ մեղադրանքը հանվել էր, քանի որ նախագահը կնոջ հետ այդ պահին Սպիտակ տանը չէր եղել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Այնուամենայնիվ, դատապարտյալի գործողությունները վտանգավոր են եղել Բարաք Օբամայի ընտանիքի երկու անդամների եւ սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաեւ վնաս են հասցրել 100 հազար դոլար գնահատվող շենքին:
Հանցագործի պաշտպանությունը պնդել է, որ կրակոցների պահին Օրտեգա Էրնանդեզը խոր ընկճախտի մեջ է եղել, ինչպես նաեւ «գտնվել աշխարհի վերջի մասին կեղծ լուրերի ազդեցության տակ»: Փաստաբաններն իրենց պաշտպանյալի համար պահանջել էին 10 տարվա ազատազրկում:
Միջադեպը տեղի էր ունեցել 2011 թ. նոյեմբերին: Դատապարտյալը կրակել էր Սպիտակ տան ուղղությամբ: Դրանից հետո նա փախել էր, սակայն հինգ օր անց ձերբակալվել Փենսիլվանիա նահանգում:




























