Ուկրաինայի իրավապահները ձերբակալել են տղամարդուն, որը Կիեւի կենտրնում ռեստորանի մոտ կրակոցներ է արձակել: «Ոստիկանությունը օպերատիվ կերպով պարզել է նրա ինքնությունն ու ձերբակալել նրան: ներկայումս նրա նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում»,-տեղեկացնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:

Միաժամանակ ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ ձերբակալվածը «Աջ սեկտորի» անդամ է, որը հարբած է եղել, հաղորդում է Ukrinform-ը:

Ճշտված տվյալներով՝ կրակահերթից վիրավորվել է երեք մարդ (56-ամյա, 19-ամյա եւ 24-ամյա): Նրանցից երկուսը Կիեւի եւ Կիեւի մարզի բնակիչներ են, երրորդը՝ Ղրիմի բնակիչ:

Վիրավորներից մեկը՝ «Մայդանի ինքնապաշտպանության» մարտիկ, գտնվում է ծանր վիճակում, որին պետք է վիրահատեն:

Հիշեցնենք, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել մարտի 31-ի երեկոյան «Դնեպր» հյուրանոցի մոտ: Հյուրանոցի այցելուներից մեկը դուրս է եկել փողոց եւ սկսել կրակել, որի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է:

Իրենց հերթին, «Աջ սեկտորում» պնդում են, որ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա: Նրանք նշում են, որ կոնֆլիկտի մասնակիցը, որն «Աջ սեկտորի» անդամ է, «ինքնակամ ոստիկանների հետ գնացել է ոստիկանության բաժին»: