Ցրտահարության պատճառով Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը սրտի նոպա է ունեցել, տեղափոխվել հիվանդանոց եւ վիրահատվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրենավանի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանը:

«Ինքը ոչ մի խնդիր էլ չի ունեցել, ուտող, խմող տղա էր: Էդ ցրտահարության օրը դաշտերը պտտում էինք, քամին ձյուն էր բերում, ճլորել էին ծիրանները, սեւացել էին, բացում, նայում էինք, ուսումնասիրում էինք, տեսանք, որ ցրտահարվել է, դաշտերը տեսնելով՝ գյուղացիներին նայելով՝ վատ զգաց էլի, եկանք տուն, ոնց որ ոչ մի բան էլ չկար, արդեն երեկոյան տարան հիվանդանոց: Անմիջապես վիրահատել են, պրուժին են տեղադրել: Ինքը հողատարածք չունի, ուղղակի, որ տեսավ՝ ժողովուրդը ինչ վիճակում է, մեր գյուղում մի հատիկ ծիրան չի մնացել, բոլորը ցրտահարվել է:

Նա նշեց, որ գյուղապետը այժմ գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցում, երեկ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Հիվանդանոցից դուրս կգրվի 2-3 օրից: Կարո Կարապետյանը ապրում է հոր, մոր, կնոջ եւ չորս երեխաների հետ, որդիներից մեկը սովորում է իրավաբանական ֆակուլտետում, մյուսը՝ քոլեջում, դուստրերն էլ դպրոցահասակ են:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, Արարատյան դաշտավայրի եւ Արմավիրի որոշ գյուղերում նախօրեի ցրտահարությունն այնպիսի ավերածություններ է արել, որ բերքի հետ կապված որեւէ հույս չի մնացել: Հատկապես տուժել են ծիրանն ու խաղողը: Եվ այն գյուղերում, որտեղ ծիրանի ու խաղողի բերքը եկամտի գրեթե միակ աղբյուրն է, սուգ է հայտարարվել: «Մեր տեղեկություններով, աղետն առանձնապես ծանր է տարել Սուրենավանի գյուղապետը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախօրեին սրտի ծանր նոպա է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որքանով է 46-ամյա տղամարդու առողջական վիճակը պայմանավորված եղել ցրտահարության փաստով, երեկ մեզ չհաջողվեց ճշտել»,- գրել էր թերթը: