Միացյալ Թագավորությունից դուրս գալուց հետո Շոտլանդիան այլեւս չի կարող օգտագործել անգլիական ֆունտ սթերլինգը որպես իր ազգային արժույթ: Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ եւ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիք Քլեգը:
Այսպիսով Քլեգն արձագանքել է լրատվամիջոցներում կառավարության անանուն անդամի հայտարարությանը, թե արժութային միության անհնարինության մասին Լոնդոնի պնդումները շոտլանդացի քաղաքական գործիչներին «վախեցնելու փորձ» են:
«Ես չգիտեմ, թե ինչ անանուն նախարարի են վկայակոչում թերթերը, բայց ուզում են պատասխանատու կերպով հայտարարել, որ նա ճիշտ չէ: Բոլոր առաջատար կուսակցությունները միակարծիք են, որ բրիտանացի հարկատուները չպետք է ռիսկի տակ դնեն իրենց խնայողությունները՝ այլ պետության տնտեսությանն աջակցելու համար»,-ասել է Գլեգն ու հավելել. «Շոտլանդացի քաղաքական գործիչները չեն կարող միանգամից նստել երկու աթոռի վրա եւ պետք է իրենց հաշիվ տան դրանում»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչությունը կողմ արտահայտվի անկախությանը, այն կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին:




























