Քրիստոնեական մկրտության ծեսի ժամանակ օվկիանոսի ալիքը քշել տարել է  Սանտա Բարբարայի բնակչին: Դեպքը կատարվել է կիրակի օրը՝ Գվադելուպա քաղաքի լողափերից մեկում:

43-ամյա Բենիտո Ֆլորեսն իր ազգականին՝ հոգեւորական Մաուրիգրո Սերվանտեսին օգնում էր հասուն տղամարդու մկրտության արարողությունն իրականացնելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանկարծ մեծ ալիք վրա հասավ եւ Բենիտոյին քշեց բաց օվկիանոս: Ես փորձեցի բռնել, բայց հարվածեց երկրորդ ալիքը», - տեղի հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է Սերվանտեսը:

Նա հավելել է, որ իրեն եւ մկրտություն ստացողին եւս ալիքը տանում էր, սակայն կարողացել են դուրս պրծնել:

Անհետացած տղամարդուն որոնում են Սանտա Բարբարայի փրկարարական ծառայությունները եւ ափային պահպանության նավերը: