Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը փակել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, փոխել կողպեքն ու հանել ամբողջ գույքը՝ Ավետարան, արծաթյա սպասք եւ մոմեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց եկեղեցու հովիվ տեր Մարկոս քահանա Սարգսյանը, որը 2008թ.-ին հատուկ մեկնել էր Ղազախստան՝ աշխատելու տեղի հայկական եկեղեցում:

«Մարտի 29-ին Արտյուշա Կարապետյանն ինձնից վերցրեց բանալիներն ու փակեց հայկական եկեղեցին: Հաջորդ օրը եկա եկեղեցի, տեսա՝ կողպեքը փոխված է, իսկ ներսի ամբողջ գույքը չկա, այդ թվում Ավետարանը, արծաթյա սպասքը, որոնք տեղի հայերն էին նվիրատվություն արել մեր եկեղեցուն»,- ասաց նա:

Սուրբ Կարապետ եկեղեցին միակն էր Ղազախստանում: Տեր հոր խոսքով՝ եկեղեցի այցելում էին հարյուրավոր հավատացյալներ: Թե ինչու է հայ համայնքի ղեկավարը նման որոշում կայացրել, տեր հոր համար զարմանալի չէ:

«Մի առիթով ինձ ասաց, որ ինչո՞ւ պետք է եկեղեցի լինի, կարող է նաեւ Կարապետյանների թանգարան լինել, այնպես որ զարմանալու բան չկա: Բացի դրանից Արտյուշա Կարապետյանը շատ վատ ղեկավար է. հայկական համայնքը բաժանել է տարբեր մասերի՝ նոր եկածներ, հնաբնակներ, քաղաքում ապրողներ, գյուղում ապրողներ: Լրիվ մասնատել է»,- նշեց տեր հայրը:

Եկեղեցին պաշտոնապես բացվել է 2006թ.-ին Արտյուշա Կարապետյանի հովանավորությամբ, սակայն տարիներ շարունակ հովանավորվել է տեղի հայության կողմից: Եկեղեցու փակվելու կապակցությամբ տեր Մարկոս քահանա Սարգսյանը դիմել է թեմի առաջնորդին, ինչպես նաեւ Ղազախստանում Հայաստանի դեսպանին:

«Դեսպանի հետ զրույցում Արտյուշա Կարապետյանն ասել է, որ մինչեւ ապրիլի 24-ը եկեղեցին կբացվի: Սպասում ենք»,- ավելացրեց տեր հայրը: