Շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որեւէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: Այս մասին նշված է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. տարեկան զեկույցի գյուղատնտեսության նախարարությանը վերաբերող հատվածում:
Զեկույցում արձանագրվել են թե թերությունները, թե ձեռքբերումները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որեւէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:
• Բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
• Դեռեւս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետեւանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
• Դեռեւս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման եւ ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետեւանքներից:
• Բավարար քանակի սպան¬դանոցներ չեն հիմնվել անասնա¬գլխա¬քանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած եւ անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:
• Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաեւ ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:
Արձանագրված դրական զարգացումները
• ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստու¬գում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանային եւ 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մա¬սին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններով իրակա¬նաց¬վել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնա¬բերվել են անհամապատասխանություններ եւ կազմվել է իրացումը կասեցնելու վերա¬բերյալ 360 արձանագրություն:
• 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյու¬ղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու եւ գյուղատնտեսության եւ գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձեւավորումը արագացնելու ուղղու¬թյամբ:
• Օրենսդրական դաշտի կարգավորման եւ բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել:
• 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշ¬վածության հետեւանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա:



























