Մոսկվայի արեւմուտքում պարեկային ծառայության երկրորդ գնդում, մարտի 31-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Ոստիկաններից մեկն իր տաբելային զենքից կրակել է ծառայակիցների վրա: Նրան ձերբակալել են, իսկ տուժածներին տեղափոխել հիվանդանոց:
Հաղորդվում է, որ կրակողը եղել է ՆԳՆ ավագ սերժանտ Դմիտրի Տրուբնիկովը, որն այդ երեկո հերթապահություն էր իրականացնում անցակետում: Նրա մոտով անցնող կապիտան Վասիլի Պոդեյկան ալկոհոլի հոտ է առել եւ պահանջել է հանձնել զենքը:
Նրանք երկուսով հասել են հերթապահ մասի շենք, որից հետո Տրուբնիկովը սկսել է կրակել: Պոդեյկան մի քանի վնասվածք է ստացել. գնդակները դիպել են փորին, ուսին եւ ձեռքին:
Հերթապահ մասի աշխատակիցները կարողացել են ձերբակալել հրաձիգին, բայց այդ ընթացքում վիրավորվել են եւս երկու ոստիկաններ:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, հաղորդում է Utro.ru-ն:


























