Ազգային ժողովի, Կենտրոնական բանկի եւ կառավարության ներկայացուցիչները «մատների արանքով էին վերաբերվել» կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննությանն, իսկ օրենքը մշակելիս Սահմանադրությունն անտեսել էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը Սահմանադրական դատարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ փաստաբան Մերի Խաչատրյանի հետ ՍԴ նիստում հանդես էին գալիս որպես հայցվոր կողմ:

«Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերում սա ամենաքիչ պատրաստված ելույթն էր: Առաջին անգամ էր, որ պատասխանող կողմն այսպես վատ էր պատրաստված: Օրենքի սահմանադրականությունն ապացուցող ոչ մի փաստարկ պատասխանող կողմը չբերեց, ընդամենն ասում էին՝ ինչու են դա արել եւ ուղղակի լրացնում էին պատասխանի համար նախատեսված տարածքը»,- ասաց նա:

Սրան հակառակ Արտակ Զեյնալյանին հիացրել էր իր գործընկերների՝ Արծվիկ Մինասյանի եւ Մերի Խաչատրյանի ելույթները. «Արծվիկ Մինասյանի եզրափակիչ ելույթը արտակարգ էր, Մերի Խաչատրյանը ելույթը շատ փաստարկված եւ պատրաստված էր: Նրանց ելույթները կարելի է պարզապես պահել եւ որպես դասախոսություն օգտագործել հետագայում»:

Արտակ Զեյնալյանը չի շտապում կանխատեսումներ անել, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը:

«Շատ մեծ ցանկություն ունեմ, որ որոշումը բարձրացնի Սահմանադրական դատարանի վարկը եւ հեղինակությունը եւ ընդհանուր բարիություն մթնոլորտ ստեղծի»,- ավելացրեց իրավապաշտպանը:

Նշենք, որ օրենքի հակասահմանադրականությունն ապացուցող փաստարկների վրա աշխատել են հայ եւ ամերիկացի փարձագետներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ: Մարտի 31-ին Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Առաջիկա օրերին որոշում կկայացվի:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am