Բնապահպանության նախարարությունը Համահայկական բնապահպանական ճակատին (ՀԲՃ) մերժել է տրամադրել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Լեռ-Էքս» ՍՊ, «Մեգաէներջի» ՍՊ, «ԳԱՀԱ էներջի» ՍՊ ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների պատճեները:

Այս առթիվ ԲՀՃ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մինչեւ ս.թ. մարտի 26-ը ՀՀ բնապահպանության նախարարությունը առանց որեւէ խնդրի տրամադրում էր իր կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների պատճենները՝ պաշտոնական հարցումներ ստանալու դեպքում: Սակայն, զարմանալիորեն, Համահայկական բնապահպանական ճակատի՝ մարտի 12-ի պաշտոնական նմանատիպ հարցմանն ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Լեռ-Էքս» ՍՊ, «Մեգաէներջի» ՍՊ, «ԳԱՀԱ էներջի» ՍՊ ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների պատճեները տրամադրվել չեն կարող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրույթին համապատասխան, համաձայն որի՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք:

Քանի որ պատասխանի մեջ նշված չէ գաղտնիքի կոնկրետ տեսակը, կարող ենք միայն ենթադրել, թե ինչ «գաղտնիքներ» են սկսել իրենց մեջ պարունակել ջրօգտագործման թույլտվությունները 2014թ.-ի մարտի 26-ից սկսած: Բնապահպանության նախարարությանը հայտնում ենք, որ մենք դատական կարգով կվերականգնենք մեր խախտված իրավունքները, իսկ մինչ այդ փաստում ենք հետեւյալը.

1. Խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետը, որի ընթացքում դիմողին է տրվում հարցումի մեջ նշված պատճենը (մեր հարցմանը պատասխանվել է միայն 14 օր անց),

2. Խախտվել է շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիությունը,

3. Ջրօգտագործման թույլտվությունը հանդիսանում է շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող բազմատեսակ գործունեություններ սկսելու եւ իրականացնելու կարեւորագույն փաստաթղթերից մեկը, ինչը, բնականաբար պետք է հասանելի լինի հանրությանը՝ այդ գործունեության բոլոր փուլերում,  

4. Ընդհանրապես պատասխան չի տրվել մեր հարցման 2-րդ մասին, որով մենք նաեւ խնդրել էինք նախարարության պաշտոնական կայքում տեղադրել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունների մասին 2012-2014թթ տեղեկանքները»: